hy  |  ru  |  en

ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ

Կայքի հարգելի այցելուներ,

XX դարավերջը և XXI-ի սկիզբը հայ ժողովրդի պատմության մեջ նշանակալից ժամանակաշրջան է: Մեր ժամանակի հատկանշական իրադարձություններն են Հայաստանի պետական անկախության հռչակումը, ազգային-ազատագրական շարժման զարթոնքն Արցախում, բարեկեցության և կրթական մակարդակի աճը հայ ժողովրդի զգալի հատվածի (հիմնականում` երկրի սահմաններից դուրս ապրողների) շրջանում, ազգային բիզնես-խավի ձևավորումը…
Միաժամանակ ազգաբնակչության և պետության ներդաշնակ զարգացումը խոչընդոտում են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են Հայաստանի քաղաքացիների շրջանում առկա աղքատության բարձր ցուցանիշը և ազգաբնակչության զանգվածների մեջ այն հատկանիշների կորուստը, որոնցով մենք մշտապես հպարտացել ենք, դրանք են` կրթվածությունը և համընդհանուր մշակութային մակարդակը:
Կան և այլ մարտահրավերներ, որոնք կարող են մեկ սերնդի կենսագրության ընթացքում կտրուկ նվազեցնել իրենց հայ կոչող մարդկանց քանակը: Դա սեփական արմատների կորստյան վտանգն է:
Տառացիորեն մեր աչքի առջև հայրենիքի սահմաններից դուրս ապրող մեր երեխաներն ու թոռները մոռանում են մայրենի լեզուն, գիրը և ունեն չափազանց աղքատիկ պատկերացում հարազատ ժողովրդի մշակույթի ու պատմության վերաբերյալ:
Մենք ինքներս չենք պահպանում այն ամենը, ինչը կարող է դառնալ սեփական արմատներին վերադառնալու հոգևոր կողմնորոշիչ:
Մասնավորապես` բուն Հայաստանում նախորդ սերունդների կողմից դարեր ի վեր ստեղծված մշակութային արժեքներն այսօր մատնված են մոռացության:
Չեմ կարծում, որ վաղվա հայ սերունդը կների մեզ, եթե մենք XXI բարեպատեհ դարում թույլ տանք մեր հազարամյա պատմական հուշարձանների կործանումը:
Այս անհանգստությունը ստիպեց մեզ ուժերի ներածին չափով մասնակցել Օձունի վանքի վերականգմանը: Մենք մեծ հույս ենք տածում ազգաբնակչության լայն շրջանակների կողմից մեր նախաձեռնությանը բազմակողմանիորեն աջակցելու առումով և համոզմունք հայտնում, որ այս նախագծի բարեհաջող ավարտը կոգեշնչի մեզ` ձեռնարկելու նոր քայլեր հայ ժողովրդի մոռացված այլ հուշարձանների վերականգնման ուղղությամբ:

Մովսես Ձավարյան
«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի»
բարեգործական հիմնադրամի հիմնադիր

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ